38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Սա բացարձակ արկածախնդրություն է

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Սա բացարձակ արկածախնդրություն է
17.07.2016 | 16:58

«Դեպի դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»: Հանրահայտ արտահայտություն է:
Հիմա, մի խումբ մարդիկ, իրենց կարծիքով՝ շատ «բարի մտադրություններով», զինված հարձակվել են պետական հաստատության, կոնկրետ՝ ոստիկանության ստորաբաժանման վրա, սպանություն գործել, կրակել՝ վիրավորել իրենց նման հայ տղաների, պատանդներ են վերցրել, թե՝ տեսեք, տեսեք՝ «ապստամբություն ենք անում, եկեք մեզ միացեք…»:


Հա, բա ո՜նց չէ, հենց հիմա… Ի դեպ, 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները նույն «մարտավարությունն» էին կիրառել (գրավենք, դիմենք ժողովրդին ու…):
Սա, ըստ էության հարձակում է մեր պետության վրա և բացահայտ արկածախնդրություն է և, որքան էլ այդ մարդիկ հայրենասիրություն ծածանեն՝ դավաճանություն է:
Ամենից առաջ, պատերազմական վիճակում, որի մեջ փաստացի գտնվում ենք, նման «մարմնաշարժումները», անկախ այն բանից, թե ով ինչ վեհ մղումներ ունի, հարված են թիկունքից: Ըստ որում, նաև անկախ այն բանից, թե ով ում ոնց է վերաբերվում քաղաքական հարթություններում: Մենք էն վիճակում չենք գտնվում, որ մեզ նման ներքին «ճոխություններ» թույլ տանք: Ու մենք շատ երկար նման վիճակում ենք լինելու շատ պարզ պատճառներով, որոնցից մեկը ադրբեջանական զսպվող ագրեսիան է, մյուսը՝ թուրքական վտանգը:


Բացի այդ, հիմա, այս իրավիճակում Հայաստանում ներքին ապակայունացում հրահրելը, նման զինված հարձակումների դիմելը կարող է ձեռնտու լինել ոչ միայն «ավանդական» թշնամիներին, այլև ուրիշ արտաքին խաղացողների, ովքեր Արցախի կամ որևէ այլ էական հարցով ցանկանում են ամեն կերպ ճնշում բանեցնել Հայաստանի վրա:
Կրկնում եմ՝ սա բացարձակ արկածախնդրություն է
Նախ, արդեն նշածս պատճառներով: Բացի այդ, Ժիրայր Սեֆիլյանը և այսպես ասած՝ «ոչ սիստեմային ընդդիմությունը» չուներ և չունի հասարակական լայն աջակցություն, ինչը մի քանի անգամ առավել քան բացահայտ ու համոզիչ դրսևորվել է: Որքան էլ «սուր» կամ «ապստամբային» կոչեր էլ իրենք հնչեցրել են, միևնույն է, այդ կոչերին արձագանքողների թիվը հարյուրից չի անցել: Իսկ ակտիվ արձագանքողները, այսինքն՝ «ինչ-ինչ գործողությունների» դիմելու պատրաստ, ծայրահեղորեն տրամադրված մարդկանց թիվը էլ ավելի քիչ է եղել՝ մի քանի տասնյակ:


Ավելին, ժամանակին ոչ Շանթ Հարությունյանի, ոչ էլ նույն Ժիրայր Սեֆիլյանի արմատական կոչերը, որքան էլ աղմուկ հարուցեցին և քննարկումների առումով արձագանքի արժանացան, բայց գործակցության, «միանալու» առումով, ըստ էության, մնացին անարձագանք՝ այնքան սակավ էր «միացողների» քանակությունը:


Առավել ևս, Սեֆիլյանի կալանքից հետո էլ չերևաց, որ նա լայն աջակցություն ունի:
Գուցե նրա կողմնակիցներից մի քանիսը, որ դիմել էին այս արկածախնդրությանը, կարծում էին, թե բավական է իրենք նման մի բան անեն ու «կոչով դիմեն ժողովրդին», վերջ, հանրային դժգոհության տրամադրությունները իրենց ապահովելու են բազմահազար աջակիցներով: Բայց դա ևս հուշում է, որ նրանք իրականության ադեկվատ ընկալման խնդիր ունեն:

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ